Անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ ուժային պոտենցիալը. Բորդյուժան՝ «ArmHiTec-2016»-ում
Այն ամենը, ինչ արվում է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության շրջանակներում, ուղղված է անդամ երկրների անվտանգության ապահովմանը: Այդ մասին այսօր Երևանում Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների՝«ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Անվտանգությանն ապահովմանն ուղղված գլխավոր ջանքերը, իհարկե, ձերնարկվում են քաղաքական միջոցներով՝ օգտագործելով այն քաղաքական մեծ պոտենցիալը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին՝ անհրաժեշտ է ամրապնդել կազմակերպության ուժային պոտենցիալը», -հայտարարեց Բորդյուժան՝ նկատելով, որ հենց դրա համար էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում հավաքական ուժեր են ստեղծվել, գործում են բազաներ:
Նրա խոսքով, Կազմակերպության կազմում ստեղծված այդ ուժերը երկրների ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար են նաև:
«Եվ որպեսզի այդ ուժերը գործեն կոլեկտիվ, արդյունավետ ու պատրաստ լինեն ցանկացած վտանգին դիմակայելուն, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից ռազմական սպառազինությամբ ու տեխնիկայով: Այն պետք է լինի նաև համատեղ, որպեսզի զինծառայողները դժվարություններ չունենան համատեղ ռազմական գործողությունների ժամանակ», -հայտարարեց Բորդյուժան:
Ռուս պաշտոնյան նկատեց, որ երևանյան ցուցահանդեսն ուղղված է համատեղ ռազմաարդյունաբերական պոտենցիալի, ինչպես նաև նոր ժամանակների սպառազինության ստեղծմանը:
«Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանի նոր թրենդը կլինի ամեն տարի ժամանակակից սպառազինության ու ռազմական նշանակության արտադրանքի ցուցադրություն կազմակերպելը», հավելեց Բորդյուժան, որի խոսքից հետո ներկա հյուրերն ու այցելուները սկսեցին ծանոթանալ ցուցադրություններին:
Նշենք, որ ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան