ՊԵԿ ղեկավարը չպետք է ենթարկվի մանիպուլյացիաներին. Գ.Մակարյան
«Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը պետք է լինի բավականին հավասարակշռված, ծանրակշիռ քայլերով անձնավորություն»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը:
ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումը, ըստ նրա, բխում է այն նպատակներից, որ կարողանա նաև հարկերը որոշ դժվար մուծող հարկատուների, հատկապես խոշոր բիզնեսի, կամ պաշտոններ ունեցող, բայց բիզնես մտած անձերի հետ կարգավորել:
«Այստեղ պետությունը խնդիր ունի՝ կիրառել ճկուն գործիք, նաև պետական եկամուտների կոմիտեում ունենալ ղեկավար, ով կամային հատկանիշներով կարողանա բանակցություններ տանել, ճնշումներ գործադրել, իհարկե, օրենքի շրջանակներում»,- հավելեց տնտեսագետը:
Գ. Մակարյանի ներկայացմամբ՝ ՊԵԿ-ի դերակատարությունն ունի երեք կարևոր ուղղություն.
«Առաջին՝ ՊԵԿ-ը պետք է լինի առանց զգացմունքային կառույց, որն ուղղակի օրենքի շրջանակում զբաղվում է հարկեր հավաքելով:
Երկրորդ ուղղությունն այն է, որ ՊԵԿ-ը կարող է տեսնել, որ հարկեր վճարողները պակասել են, իր վերաբերմունքը որոշ տեղերում լինի սպասողական, զիջողական, որպեսզի չխորտակի այդ գործատուին, հարկատուին՝ թույլ տալով նրան առողջանալ, որոշ ժամանակ տրամադրել մինչև կարողանա հարկերը վճարել, և այդ կապակցությամբ գրագետ ինֆորմացիա տրամադրել կառավարությանը:
Սրանց գումարած՝ ՊԵԿ ղեկավարի սուբյեկտիվ կեցվածքը, որովհետև իր անձի բարոյական կերպարը, խստությունը, պահանջկոտությունը, անկողմնակալությունը, սկզբունքայնությունը շատ կարևոր են, չհրապուրվի նրանով, որ ձեռքին հզոր զենք ունի, իր առաջ շատերը կոտրատվում են, հայցում իր ներողամտությունը: Ինքը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվի»:
Հարցին՝ արդյ՞ոք Վարդան Հարությունյանը չի ենթարկվի, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան