Առողջապահության նախարարը բժիշկների համեմատ հարուստ է, շատ հարուստների համեմատ՝ աղքատ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բժիշկների համեմատ իրեն հարուստ է համարում, շատ հարուստների համեմատ՝ աղքատ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իրեն ուղղված հարցին, թե ինքն իրեն հարուստ մարդ համարո՞ւմ է:
Դիտարկմանը, թե կառավարությունում ով է իրենից հարուստ, նախարարը նշեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել:
Մեկ այլ հարցին, թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականը՝ ԾԻԳ-երի կրճատման գործում, պատասխանեց. «Ուսումնասիրություն են կատարում»:
Նա միաժամանակ նշեց, որ իհարկե, հանձնարարականը կկատարվի, և կկատարվի լավագույնս, պարզապես հարցն ուսումնասիրելու համար իրեն մոտ 25 օր ժամանակ է պետք: «25 օրից ինձ կարող եք հարցնել բարեփոխումների մասին»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը և ժամանակ խնդրեց նաև պատասխանելու հարցին, թե որն է ամենակարևոր փոփոխությունը, որ պետք է կատարի առողջապահության ոլորտում:
Նա նաև ասաց, որ իր պաշտոնավարման 100-րդ օրվանից հետո կներկայացնեն համակարգում իրականացվելիք բարեփոխումները:
Անդրադառնալով պետպատվերին, մասնավորապես այն խնդրին, որ տարվա կեսին արդեն հիվանդանոցներում պետպատվերներով սպասարկման համար սահմանաչափն ավարտվում է, Լևոմ Ալթունյանը արձագանքեց. «Հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ այդ հարցը չեք տա»:
Հարցին, թե ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են կոռուպցիային, մասնավորապես, բժիշկները գումարներ են պահանջում և այլն, արդյոք դրանք էլ են ուսումնասիրում, նախարար պատասխանեց, թե եթե խոսքը գումարի մասին է, ապա քաղաքացիները չպետք է տան, իսկ եթե բժիշկներն են պահանջում, ապա դա դատախազության հարցն է: Իսկ խնդրի լուծումը, ըստ նախարարի այն է, որ պետք է բժիշկների աշխատավարձը բարձրացնել, իսկ քաղաքացիներին` կրթել:
Ինչ վերաբերում է բժիշկներին կոնյակ կամ ծաղիկ նվիրելուն, ապա, ըստ առողջապահության նախարարի, դա կոռուպցիոն դրսևորում չէ: Դիտարկմանը, թե որպես բժիշկ իր գործունեության ընթացքում եղել է նման դեպք, երբ իրեն կոնյակ են նվիրել. Լևոն Ալթունյանը անկեղծ խոստովանեց. «Իհարկե եղել է, ծաղիկ չեն նվիրել, բայց կոնյակ վերցրել եմ»:
Հարցին, թե ի վերջո նախարարը պատկերացնում է, թե համակարգում որտեղ են կոռուպցիոն ռիսկերը և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, նախարարը նշեց, որ իր աշխատանք չէ կոռուպցիոն ռիսկերը պատկերացնելը, իրենք ուղղակի սկսել են վերանայել բոլոր նորմատիվ ակտերը և շարժվում են դրանցով: «Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ պետպատվերի համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառված են և չի լինելու առաջիկայում: Իսկ ինչ կատարվել է մինչև իմ պաշտոնավարությունը, ապա ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ փորձ, որ զբաղվեմ այդպիսի քննություններով: Մինչև իմ նշանակումը մենք գիծ ենք քաշել և շարժվում ենք առաջ»,- ասաց Լևոն Ալթունյանը: