Լիլիթ Մկրտչյան. «Եթե Հայաստանում շախմատի ակումբ ստեղծվի, ապա մեծ հաճույքով կցանկանամ հանդես գալ այդ թիմի կազմում»
Հայ գրոսմայստեր, շախմատի միջազգային վարպետ, մի շարք մրցաշարերի հաղթող Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցեցինք այն ժամանակ, երբ նա հավաքում էր ճամպրուկները` Գերմանիա մեկնելու նպատակով: Այնտեղ սպասում է ամուսինը, սակայն կարճ ժամանակով: Օրեր անց հայ շախմատիստուհին կմեկնի Սերբիա` մասնակցելու շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:
Panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանը փաստեց, թեև տարվա մի մասն անցկացնում է Գերմանիայում, մյուսը` Հայաստանում, սակայն մշտապես հետևում է այստեղ տեղի ունեցող շախմատային իրադարձություններին:
Լիլիթ Մկրտչյան.-Պատրաստվում եմ Սերբիայում մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Հանդես եմ գալիս Ռուսաստանի «Յուգրա» ակումբում, որի կազմում մայիսին դարձել եմ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Հենց դա էլ մեզ իրավունք տվեց մասնակցելու արդեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը: Այնուհետև կմասնակցեմ Ռումինիայի ակումբային առաջնությանը, որից հետո կհանգստանամ:
Panorama.am.- Լիլիթ, Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, սակայն մենք չունենք ակումբներ, ինչո՞ւ:
Լիլիթ Մկրտչյան.- Հայաստանում հիանալի թիմ կար` «Միկան», որը մասնակցում էր տարբեր երկրների ակումբային առաջնություններին և զգալի հաջողություններ էր գրանցել, սակայն այն լուծարվեց` ֆինանսական խնդիրների պատճառով: Եթե Հայաստանում նոր ակումբ ստեղծվի, ապա մեծ հաճույքով կուզենամ լինել այդ թիմի կազմում: Ակումբներ չկան, ինչն իսկապես շատ ցավալի է: Չեմ կարող ասել, թե ինչու: Պատճառը երևի թե կրկին ֆինանսական է:
Panorama.am.- Հետևո՞ւմ ես Հայաստանում տեղի ունեցող շախմատային իրադարձություններին: Օրեր առաջ ավարտվեց «Երևան Օփեն» մրցաշարը:
Լիլիթ Մկրտչյան.- Այդ օրերին Սոչիում էի, խաղում էի Ռուսաստանի ակումբային առաջնությունում, սակայն համակարգչի միջոցով հետևել եմ իրադարձություններին: Ուրախ եմ, որ հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ուրախ եմ, որ անդրանիկ մրցաշարի հաղթողը դարձավ հենց հայ մասնակից: Գիտեմ, որ այս մրցաշարն ավանդական կդառնա, ինչի առիթով ևս շատ ուրախ եմ: Օտարերկրացի մասնակիցներն ինձ գրել էին, որ մրցաշարը հիանալի էր կազմակերպված և իրենք շատ գոհ են: Ինձ լավ զգացի:
Panorama.am.- Անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ կան:
Լիլիթ Մկրտչյան.- Ամեն ինչ նույնն է: Ապրում ենք այստեղ և Գերմանիայում: Ամուսինս շատ է սիրում Հայաստանը և հաճույքով է այցելում: Փոքրիկ դեռ չունենք, սակայն արդեն մտածում ենք այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան