Փաշիկ Ալավերդյան. «Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սկսվել են օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի մասնակցության հաշվետվությունների լսումները՝ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, հատուկ ստեղծված աշխատանքային խմբին այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որը խոսել է նախորդ օլիմպիական քառամյա փուլում կատարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով կազմակերպված ուսումնամարզական հավաքների վայրի և պայմանների արդյունավետության, նպատակահարմարության և այլ հարցերի մասին:
«Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում: Սա երկար և բազմափուլ ճանապարհ է: Մարզիկը նախ պետք է Եվրոպայի, աշխարհի մրցանակակիր լինի, թրծվի միջազգային մրցաշարերում: Սրանք կարևոր գործոններ են»,- ասել է Ալավերդյանը:
Գլխավոր մարզչի խոսքերով՝ այսօր արդեն կյանքի է կոչվում 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մարզիկների ներգրավման ռազմավարությունը.
«Մարզիկի նախապատրաստումը հաջորդ օլիմպիական խաղերին սկսվում է անմիջապես, երբ նա ընթացիկ խաղերի մրցահարթակում վայր է դնում ծանրաձողը: Մենք հանգստանալու ժամանակ չունենք»,- նշել է նա:
Մարզիչը խոսել է նաև մարզիկների հետ աշխատող սպորտային հոգեբանի կարևորության մասին, որի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես վնասվածքներից հետո: Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատվել է լավ: