Մենք գաղութը մեռցնելու համար աշխատանք չպետք է տանենք. «Փյունիկ» հիմնադրամի նախագահ
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջյանը Հայաստան եկել, հաստատվել է Դամասկոսից, հալեպահայ է ու հիմնադրամի շրջանակներում աջակցում է Հայաստան գալու ցանկություն հայտնող սիրիահայերին:
Սիրիական պատերազմում հարազատներ է կորցրել ու ասում է՝ իր համար ծանր է տեսնել այս ամենը, որի վերջը չի երևում:
Ջամբարջյանն ասում է, որ կազմակերպության միջոցով փորձում է օգնել այն հալեպահայերին, ովքեր դիմում են Հայաստան գալու համար: Բայց նրան զայրացնում է այն, որ շատ սիրիահայեր գալիս են Հայաստան, հետո տեղափոխվում երրորդ երկիր:
«Եթե որևէ մեկը օգնության կարիք ունի, մեր դեսպանի կամ հյուպատոսի ջանքով օգնություն ենք տրամադրում: Բայց ցավալին այն է, որ երբ Հայաստան ենք հասցնում, Հայաստանը միայն կամուրջի պես են օգտագործում ու մի քանի ամիս անց վերցնում իրենց պասպորտները ու գնում այլ երկրներ՝ Գերմանիա, Կանադա: Սա շատ մեծ սխալ է, քանի որ ոչ հայրենիքը կօգտվի, ոչ ալ ըսենք թե սիրիահայությունը կօգտվի, գաղութը կմեռնի: Մենք գաղութը մեռցնելու համար աշխատանք չպետք է տանենք, մենք գաղութը պահելու համար աշխատանք պետք է տանենք, -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Գաբրիել Ջամբարջյանը:
Դիտարկմանը, թե միգուցե այստեղ աշխատանք չեն կարողանում գտնել, ապրելու հնարավորություն չկա դրա համար էլ ելքը տեսնում են Հայաստանից արտագաղթելու մեջ, նա արձագանքում է. «Եթե այստեղ հնարավորություն չկա, դուրսը հնարավորություն կա՞, եթե հնարավորություն չկա, ինչո՞ւ կուզեն գալ հոս: Մինակ պասպորտը առնելու համա՞ր: Մինակ Սուրիո գաղութը ավրելու համա՞ր: Ադիկա թուրքի ցանկությունն է, թուրքն է, որ կուզե սուրիահայ գաղութը ավրել»:
Այդուհանդերձ, նա ասաց, որ գիտե սիրիահայ ընտանիքներ, ովքեր Հայաստանից գաղթել են Կանադա, բայց չեն հարմարվել ու վերադարձել են հայրենիք:
Նրա խոսքով, Սիրիայում շատ բնակավայրեր կան՝ Քեսապ, Լաթաքիա, Տարտուս, որոնք անվտանգ են, կան հայկական համայնքներ, ու մարդիկ կարող են տեղափոխվել այնտեղ, ապաստանել:
«Եթե իրենք հայասեր են ու հայ գաղութը պահել կուզեն, թող էրթան, այնտեղ ապաստանեն, մենք ալ նրանց դրամական օգնություն կանենք: Բոլոր տեղերում էլ նրանք գործ կարող են ճարել»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հալեպում նրա տվյալներով, 20 հազար հայ է մնացել, և թիվը գնալով պակասում է: Հալեպի Կրթասիրաց վարժարանում 400 աշակերտ է ուսանում և 60 մարդ է աշխատում, այսինքն՝ շուրջ 500 անձ դպրոցում են: «Փյունիկ» հիմնադրամի նախագահի խոսքով, ուսանող աշակերտների կեսը վարձ է վճարում, և նա եզրակացրել ՝ աշխատում են, որ վճարում են:
«Եթե վտանգավոր է, մենք կկարողանա՞նք այդ մարդկանց այդ շենքում ապրեցնել կամ դասավանդել: Խուճապի մատնվելու բան չկա, այո, ռումբեր ընկնում են, վտանգներ կան, բայց դա չի նշանակում, թե ծայրահեղ վտանգի մեջ են: Վտանգ կա, բայց խուճապի մեջ հայտնվելու վտանգ չկա: Սրանից վատ ժամանակներ էլ են եղել, հիմա հանդարտ է, շատ լավ է», -նկատեց Ջամբարջյանը:
Դիտարկմանը, թե զոհեր կան, մարդկանց տներ են քանդվում, նա արձագանքեց. «Զոհեր միշտ եղել են: Ներողություն: Տուներ էլ են քանդվում, այո: Բայց ապահով տեղեր ալ կան, եթե չեն հավանում Հայաստանը....ասենք թե ուզում են գնալու և վերադարձի տոմս, չեն ուզում այստեղ ապրել: Իրենք հոս գալով, մինակ հայկական պասպոռտ առնելով ու այստեղեն գաղթելու նպատակ ունեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ