Գլխավոր պողոտայի այգում ծառերը կտրվում են քաղաքապետարանի իմացությամբ
Այսօր առավոտյան Panorama.am-ը գրել, ահազանգել էր, որ Երևանի կենտրոնում, Գլխավոր պողոտայի այգում, որտեղ երկար ժամանակ է, ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում, կանաչ ծառեր են հատվում: Այդ ամենը վկայող տեսանյութ և լուսանկարներ էլ է հրապարակվել:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել, որով ըստ էության արդարացրել է ծառերի հատումը:
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, ինչպես նաև «facebook» սոցիալական ցանցով տեղեկատվություն է տարածվել Գլխավոր պողոտայի մի հատվածում ծառերի հատման վերաբերյալ:
Նշվածի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ Գլխավոր պողոտայի Սարյան–Մաշտոց փողոցներով սահմանազատված տարածքում իրականացվում են այգու բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներ: Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ դեռևս 2015 թվականին բնապահպանական և գիտակրթական ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրել է գոյություն ունեցող ծառերի վիճակը և տվել է իր մասնագիտական եզրակացությունը:
Ըստ այդմ, համաձայն առկա եզրակացության և կանաչապատման կազմված նախագծի, արձանագրված չոր, ծերացած և վթարային ծառերը ենթարկվում են հատման՝ փոխարենը նույնաքանակ տնկիներով վերափոխելու պայմանով»:
Նկատենք, որ այս այգու ծառերը մշտապես կանաչ են եղել, և շինարարական աշխատանքների մեկնարկից դրանք հավանաբար չեն ջրվել, տերևները չորացել են:
Մեկ տարուց ավելի է ընթանում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին ասել էին, որ մինչև 2015 վերջ այգու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ու այգին կհանձնվի բնակիչներին: 2015 թվականն ավարտվեց, քանդման աշխատանքները շարունակվում էին:
Այգու բարեկարգման աշխատանքների մասին ծանուցող տեղեկատվական վահանակի վրա որպես շինարարական աշխատանքների ավարտ նշված է 2016 թ. հունիսի 1-ը: Հունիսի 1-ը եկավ, անցավ, իսկ ընթանում են քանդման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան