Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Քիչ անց ՀՀ նախագահի նստավայրում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Panorama.am-ի փոխանցմամբ, այս պահին Բաղրամյան 26 են ժամանում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակության անդամները:
Հիշեցնենք, որ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահները, Ղազախստանի վարչապետը:
Նստաշրջանը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ավելի վաղ հայտարարել էին, որ նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:
Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսի Հանրապետությունը, Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում նախատեսվում է նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին