Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5-ը՝ մահացել է: Տուժածներից 22-ը, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի
մանրամասներն ու հետևանքները: Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:
Լուսանկարները՝ ռուսական լրատվամիջոցներից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան