Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Պեդրո Ագրամունտն անջատեց Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողները
Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ ելույթ ուներ նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։
Պատգամավորի ելույթը վերաբերում է ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ով այժմ Միլանի դատախազության կողմից գտնվում է հետաքննության տակ։
Նաիրա Կարապետյանը սկսեց ելույթը, ասելով, որ խոսելու է մի թեմայի շուրջ, որն իսկապես անհանգստացնող է ու կցնցի ողջ վեհաժողովը։
«Խոսքը վերաբերում է մեր նախկին գործընկեր, ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ում մասին լրատվամիջոցներում առկա է մեծ քանակությամբ մտահոգիչ տեղեկություններ, որը կապված է Ադրբեջանի հետ»,-ասաց Նաիրա Կարապետյանը։
Լուկա Վոլոնտեն, ինչպես ասաց Նաիրա Կարապետյանը, ներկայումս գտնվում է հետաքննության տակ կաշառակերության ու փողերի լվացման համար՝ Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք ստանալու համար, որի դիմաց դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցին, որն էլ տապալվեց ԵԽԽՎ-ում։
Այդ պահին նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտն ընդհատեց Նաիրա Կարապետյանին, անջատեց խոսափողն ու թույլ չէր տալիս շարունակել՝ ասելով, որ հարցը հետաքննվում է իր երկրում ու վեհաժողովը դատարան չէ։
«Այս մասին ես այսօր առավոտյան ասել եմ նաև ձեր պատվիրակության ղեկավարին։ Վեհաժողովը մի օգտագործեք այս հարցերի համար։ Եթե հետագայում նա դատապարտվի, մենք կխոսենք այդ մասին»,-ասաց Ագրամոնտը։
Նաիրա Կարապետյանն նշեց, որ խնդիրը վերաբերում է վեհաժողովին ու կարող է խոսել այն ամենի մասին, ինչը կապված է ԵԽԽՎ-ի հետ ու շարունակեց ելույթը, սակայն Ագրամոնտը կրկին անջատեց խոսափողը՝ ասելով, որ կարող է խոսել այլ հարցերով, բայց ոչ այս թեմայով։
Նաիրա Կարապետյանը ևս մեկ անգամ պնդեց, որ խնդիրը վերաբերում է վեհաժողովին․ «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։ Ընդհատումներով, սակայն Նաիրա Կարապետյանը, շարունակեց ելույթը։
ՀՀ պատվիարակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի սկզբում ցանկացավ պատասխանել ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի ելույթին, ով խոսել էր ՀՀ-ում ընտրությունների մասին, ինչը ևս դուր չեկավ Ագրամունտին։ Ագրամունտն անջատեց Նաիրա Զոհրաբյանի խոսափողն ու զգուշացրեց, որ չվիրավորեն միմյանց։
Նաիրա Զոհրաբյանը սկսեց խոսել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, լոբբիզմի ու ԵԽԽՎ պատգամավորներին «գնելու» մասին ու կրկին անդրադարձավ Լուկա Վոլոնտեին։
Վոլոնտեի անունը լսելով Ագրամունտը կրկին անջատեց Նաիրա Զոհրաբյանի խոսափողը։ Կրքերը թեժացան, անջատված խոսափողով Նաիրա Զոհրաբյանը սկսեց բղավել ու որքանով, որ լսվեց, ասում էր․ «Դուք ևս Ադրբեջանի լոբբիստն եք, ինչպես Վոլոնտեն»։ Վեհաժողովում աղմուկ բարձրացավ, ու լսվում էր մի պատգամավորի ձայն, ով ֆրանսերեն ասում էր․«Տիկին, սա ճիշտ է, տիկին, սա ճիշտ է»։
Ահա այսպես եզրափակվեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը տևեց հոկտեմբերի 10-ից 14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան