«Հայակ»-ը նախատեսվում է անցկացնել 2017-ին. Ազգային կինոկենտրոնի տնօրեն
Երկու տարվա ընդմիջումից հետո ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2017-ին:
«Արդեն երկու տարի է մրցանակաբաշխությունը չի կայանում: Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր: Վերջին պահին հովանավորները հրաժարվում էին: Կարծում եմ՝ հաջորդ տարի կանցկացնենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ըստ նրա, մրցույթում կընդգրկվեն 2015, 2016 թվականների ընթացքում նկարահանված ֆիլմերը:
Նա համոզված է, որ «Հայակ» մրցանակաբաշխությունը հայ կինոգործիչների համար ամենամեծ տոնն է: «Ոչ մի փառատոն չի կարող համեմատվել մրցանակաբաշխության հետ, քանի որ այն հայ կինոարտադրողի, կինոստեղծողի, արվեստագետի համար է՝ սկսած սցենարիստից մինչև մոնտաժող: Բոլորն արժևորվում են»,- ասաց Գ. Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ եթե մշտական հովանավոր ունենան, մրցանակաբաշխությունը կանցկացնեն ամեն տարի:
«Պետք է դեռ որոշենք՝ ամեն տարի անենք, թե երկու տարին մեկ: Կախված է հովանավորից: Իմ կարծիքով՝ ամեն տարին է ճիշտը: Գոնե հաջորդ տարի լավ անենք, հետո ընթացքում կմտածենք»,- հավելեց Գևորգ Գևորգյանը:
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: «Հայակ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Դեռևս պարզ չէ «Հայակ-2016»-ը կանցկացվի, թե ոչ
- Այս տարի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան