Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Երևանում անցկացվող առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում շնորհակալություն հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու և հոգատարության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանն այն հոգատարության համար, որը նրանք ցուցաբերել են Բեսլանի ողբերգական դեպքերի ժամանակ: Շատ շնորհակալ եմ, մենք անչափ զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից», - ասաց Կարեն Կարապետյանը:
Ավելի ուշ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մաքսիմ Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին և մանրամասներ ներկայացրել իրավիճակի և տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ: ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը:
Հիշեցենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
Հարակից հրապարակումներ`
- Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին
- Կազմակերպվել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիների վերադարձը Հայաստան
- Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
- Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները
- ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժաների անունները
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան