Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում Հայաստանը կներկայանա 6 անվանակարգով
2017 թվականին Աբիջանում (Կոտ դ’Իվուար, Փղոսկրի ափ)կայանա Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում, մշակույթի ոլորտի անվանակարգերի և մասնակիցների նախնական ընտրությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվել է 2016 թվականին, հետևյալ սկզբունքով. մասնակիցը պետք է լինի 18-35 տարեկան, մասնագիտական հմտություններից զատ` տիրապետի ֆրանսերեն լեզվին:
Այս ձևաչափով ֆրանկոֆոնիայի ժյուրիի ընտրությանն է ներկայացվել պահանջներին համապատասխան 10 մասնակից, ընտրվել են՝ 8-ը:
Ընտրության արդյունքում որոշվել է, որ 2017 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանը մշակույթի ոլորտում կներկայանա «Երգ», «Պար», «Քանդակագործություն», «Նկարչություն», «Լուսանկարչություն», «Հեքիաթասացություն» անվանակարգերով: Նախընտրական փուլն անցկացվել է 2 հարթակներում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում և Հ. Թումանյանի թանգարանում:
Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Մշակույթի և սպորտի ոլորտներում՝ Հայաստանը խաղերին մասնակցել է 2009 և 2013 թվականներին: