Կինոյի սպասված տոն՝ Հայաստանի բոլոր մարզերում
Արդեն տաս օր մեկնարկել է ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին և կրում է «Անկախության սերունդ՝ անկախության կինո» խորագիրը։ Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպվում է ավելի քան 160 ցուցադրություն, ներկայացում է ավելի քան 600 ֆիլմ:
«Այս տարի շեշտը դրված է անկախության 25 տարիների ընթացքում ստեղծված ֆիլմերի վրա: Բոլոր ցուցադրություններին կինոկենտրոնի ներկայացուցիչներն անպայման ներկա են լինում»,- նշեց նա:
Գ. Գևորգյանի խոսքով՝ «Կինոաշուն» ծրագրին հատկապես սպասում են մարզերում:
«Հայաստանում կինո նայելու կուլտուրան քնել էր: Յոթ տարվա ընթացքում մենք կարողացանք հասնել նրան, որ այսօր բոլոր մարզերում գիտեն, որ կա հայկական կինո: Այս ծրագիրը սիրվեց մեր քաղաքացիների կողմից: Նրանք անհամբեր սպասում են հոկտեմբերին: Երբ նոր էինք սկսում ծրագիրը, մարզպետներն ասում էին՝ սարերից ում բերենք, որ գան, կինո նայեն: Հիմա իրենք չեն էլ սպասում, որ մենք զանգենք: Հենց գալիս է սպետեմբերը, իրենք են մեզ հետ կապվում, սկսում են կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Մարդիկ ուզում են նայել հայկական կինո: Մեծ նշանակություն ունի նաև այն, որ ցուցադրություններն անվճար են»,- ասաց Գ. Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի շատ են սահմանամերձ գյուղերում, զորամասերում ցուցադրությունները:
«Իմ կարծիքով՝ սա Հայաստանում գործող ամենալավ ծրագրերից է: Ճիշտ է բարեգործական չէ, որևէ մեկին լվացքի մեքենա չենք տալիս, չենք բուժում, բայց կինոյի տոն ենք պարգևում»,- նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Կինոյի տոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը: