Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը բնութագրել է ադրբեջանցիների ինքնությունը
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի շիաներին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արդաբիլ նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից Աշուրայի սգո ծիսակարգի անցկացման առնչությամբ իրականացրած սահմանափակումներին, մասնավորապես ասել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի շիաներին, որոնք հատուկ սահմանափակումների պայմաններում գերազանց մասնակցություն ունեցան Աշուրայի սգո արարողություններին»:
Շարունակելով խոսքը՝ իրանցի բարձրաստիճան հոգևորականը հավելել է. «Եթե հարկ լինի բնութագրել ադրբեջանցիների ինքնությունը, ապա այն կլինի «աշուրայական» և «հոսեյնական», ադրբեջանցին առաջին հերթին «հոսեյնական» է, նոր ադրբեջանցի:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աշուրայի սգո ծիսակարգի անցկացման օրերին Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից իրականացրած հատուկ գործողության արդյունքում դադարեցվել է կրոնական աքսեսուարներ վաճառող մի շարք խանութների գործունեությունը, ձերբակալվել է 5 անձ, որոնցից մեկը՝ Գյանջայում գործունեություն ծավալող կրոնական գործիչ Ազադ Ալիևն է: