Մայր և որդի Հախնազարյանները՝ մեկ բեմում
Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մայրը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, հանդես են գալու մեկ բեմում: Հոկտեմբերի 22-ին նրանց համատեղ համերգն է կայանալու Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:
Կոնսերվատորիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համերգին հնչելու են Բ.Բրիտտենի, Ա.Խուդոյանի, Ռ.Շչեդրինի, Մ.Պոնսեի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագրծություններ:
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»:
Պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը համերգներ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Չինաստանում և այլ երկրներում: Նա հանդիսանում է ժամանակակից հայ կոմպոզիտորներից շատերի ստեղծագործությունների առաջին կատարողը: Նրա ուսանողները ելույթ են ունենում աշխարհի տարբեր բեմերում: