Վիրավոր զինվորը սկսել է խոսել, սնվել և արդեն ցանկանում է վերադառնալ ծառայության
Հոկտեմբերի 7-ին Արցախում ծանր վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը, բժիշկների գնահատմամբ, զինծառայողի վիճակն այս պահին կայուն ծանր է:
«Հայկը գտնվում է բժիշկների հոգատար հսկողության տակ: Դեռ պառկած է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Հայկը սկսել է խոսել, սնվել»,- նշեց Ռաֆիկ Զարոյանը՝ հավելելով, որ ամեն օր հարազատներին թույլ են տալիս 20 րոպեի չափով տեսակցել նրա հետ:
Նշենք, որ վնասվել է զինծառայողի թոքը, լյարդը: Ըստ բժիշկների՝ կան լյարդի հետ կապված բարդություններ և բուժման համար երկար ժամանակ է հարկավոր, ուստի հնարավոր է, որ Հայկին երկրորդ անգամ վիրահատեն: «Բժիշկների գնահատմամբ՝ չի բացառվում, որ լյարդի խնդիրների հետ կապված երկրորդ անգամ վիրահատեն, բայց առայժմ դրա կարիքը չկա: Հայկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկները հավաստիացնում են, որ նա նորմալ բուժում կստանա»,- ասաց Ռաֆիկ Զարոյանը:
Հայկ Համբարձումյանը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջին գծում, 3 ամսից էլ պետք է ավարտեր ծառայությունը: «Երբ Հայկը բացել է աչքերը, առաջին խոսքը եղել է այն, թե իրեն բան չի եղել, ցանկանում է շուտ բուժվել ու վերադառնալ ծառայության»,- նշեց զինծառայողի մորեղբայրը:
Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Վնասվել էին նրա թոքը, լյարդը: Ստեփանակերտում որովայնի և կրծքավանդակի վիրահատության ենթարկվելուց հետո հոկտեմբերի 10-ին Հայկն ուղղաթիռով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Լուսանկարները՝ Հայկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
- Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան