«4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Հոկտեմբերի 17-ին մեկնարկելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում մի շարք հարցերի հետ միասին ընդգրկված է նաև Հայաստանի Ընտրական օրենսգրքում ու մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:Այն, հիշեցնենք, պայմանավորված է «4+4+4» ձևաչափի շրջանակներում քաղաքական ուժերի միջև կայացած համաձայնությամբ:
Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ մասնավորապես, ներկայացվող փոփոխություններով կառավարությունը առաջարկում է տեսանկարահանել ու ուղիղ հեռարձակել քվեարկության ընթացքն ու արդյունքների ամփոփումը:
«Մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով», -նշված է օրենքի նախագծում:
Նաև տեղեկանում ենք, որ տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով, ինչպես նաև ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:
«4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանությունն ընդառաջեց ընդդիմության գլխավոր պահանջին, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը: Եվ ահա ԱԺ արտահերթին ներկայացված օրինագծով առաջարկվում է հրապարակել այդ ցուցակները.
«Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով»:
ԸՕ 73-րդ հոդվածը այս կապակցությամբ լրացվում է այսպես. «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները»:
Նաև ըստ օրինագծի, ընտրողների սկանավորված ցուցակները, ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու ու, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին