Նիգերիայի նախագահ. Իմ կնոջ տեղը խոհանոցում է, հյուրասենյակում և ևս մեկ սենյակում
Նիգերիայի նախագահը սարկազմով է մեկնաբանել իր կնոջ պահանջը՝ փոխել կառավարությունը:
«Ես չգիտեմ, թե որ կուսակցությանն է պատկանում իմ կինը, բայց ինձ համար նրա տեղը խոհանոցում է, հյուրասենյակում և ևս մեկ սենյակում», - Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Մուհամադու Բուհարին Գերմանիա այցի ժամանակ:
Նրա կողքին կանգնած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, լսելով այդ արտահայությունը, նայել է նրան և ծիծաղել:
Նախօրեին Նիգերիայի առաջին տիկինը՝ Աիշա Բուհարին սպառնացել էր, որ չի պաշտպանի իր ամուսնուն և երկրի նախագահ Բուհարիին հաջորդ նախագահական ընտրություններում, եթե նա չփոխի կառավարության կազմը:
«Նախագահը չգիտի, օրինակ, իր նշանակած 50 մարդուց 45-ին: Ես նրանց նույնպես չեմ ճանաչում, չնայած նրան, որ արդեն 27 տարի է նրա կինն եմ»,- ասել է նա:
Նախագահի կնոջ խոսքով, այդ մարդիկ չեն կիսում իր ամուսնու և նրա ղեկավարած կուսակցության հայացքները, բացի այդ, նրանց նշանակումների հետևում կանգնած է եղել «մի քանի մարդ»: Աիշա Բուհարին համոզված է, որ պաշտոն ստացած այդ մարդիկ ուղղակի «գողացել են իշխանությունը»: