Մատենադարանի մասնագետները մեկնել են Ախալցխա՝ բուժելու Ծուղրութի ավետարանը
Արդեն 10-րդ օրն է ինչ Մատենադարանից Ախալցխայի Ծուղրութ գյուղ ժամանած մասնագետները բուժման ու նորոգման աշխատանքներ են իրականացնում 974 թվականի հայտնի Ծուղրութի ավետարանի վրա: Ավետարանը պահող Սարգիս Սապոնջանի խոսքերով՝ ձեռագիր մատյանը գտնվում է շատ լավ վիճակում և անգամ մասնագետները զարմացած են, թե ինչպես լավ վիճակում է այն պահպանված: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
«Մասնագետները Ավետարանը բուժել ու նորոգելու համար հատուկ լաբորատորիա են բերել: Ավետարանը ինչ տեղափոխվել է Էրզրում քաղաքից երևի չի բուժվել և վերանորոգվել: Ինչքան գիտեմ՝ վերանորոգվել էր միայն Ավետարանի արծաթե կողը»,-ասել է Սարգիս Սապոնջանը:
Ծուղրութի Ավետարանը պարունակում է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի չորս Ավետարանները։ Ընդօրինակվել է 974 թ-ին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։ Ձեռագիրն այժմ գտնվում է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։
Ըստ matenadaran.am-ի, հայ մշակույթի և առհասարակ ձեռագրական աշխարհի համար Ծղրութը հայտնի դարձավ այն օրից, երբ նշանավոր հայագետ, արվեստաբան Գարեգին Հովսեփյանը հայտնաբերեց և 1898 թ. հրատարակված իր հոդվածներից մեկում գրեց, որ հենց այստեղ՝ Ծղրութում է պահվում «հայերեն հնագույն ձեռագրերից մեկը, գրված մագաղաթի վրա Քրիստոսի 974 թ.», այսպես էլ ձեռագիրը գյուղի անունով մկրտվեց Ծղրութի Ավետարան անունով: Շատ գիտնականներ պարբերաբար այցելել են Ծղրութ, ուսումնասիրել, մանրամասն նկարագրել և նկարել են այս ձեռագիրը, իսկ 2006թ. հրատարակվեց արվեստաբան Նիկոլայ Քոթանջյանի մենագրությունը՝ նվիրված Ծղրութի Ավետարանին:
Մասնագետների կարծիքով, Ծղրութի Ավետարանը առանձնանում է ձեռագիրը զարդարող մանրանկարների արտահայտչականությամբ և պատկերագրության ինքնատիպությամբ: Ձեռագրի նշանակությունը, հետևաբար նաև մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը նրա շուրջ, պայմանավորված է մանրանկարների պատկերային լեզվի բացառիկ արտահայտչականության, գեղարվեստական բարձր արժանիքնեքով և ձեռագրի բուն կառուցվածքի արտասովոր առանձնահատկություններով, որոնք իրենց վրա կրում են ընդհանրապես ձեռագրական արվեստի ամենավաղ շրջանի հետքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում