Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանի հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանի հետ և քննարկել մարզաձևի զարգացման հեռանկարներին և նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ֆուտզալի զարգացման, մարզաձևի օրեցօր աճող մասսայականության կապակցությամբ: ««Ֆուտզալ բիզնես լիգայի» կազմակերպած մրցաշարերը խթան են սպորտի մասսայականացման համար: «Գիտեմ, որ օրեցօր ավելանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված թիմերը: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են զբաղվում այդ մարզաձևով: Մեր նախարարությունն իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցել մարզաձևի զարգացմանը և առավել մասսայականացմանը»,- ասել է նախարարը:
Հ. Ռոստոմյանը խոսել է նաև նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ մանկապատանեկան սպորտի մասին: «Սա այն մարզաձևն է, որով սկսում են զբաղվել ամանափոքր տարիքից: Ֆուտբոլ խաղում են բոլորը, երբ իջնում են բակ: Պետք է կարողանանք նրանց բակերից տեղափոխել մարզադպրոց»,- նշել է նա:
Ռուբեն Նազարեթյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:
«Մենք մրցումներ ենք կազմակերպում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, մասնավորապես՝ Շիրակում: Եթե կարողանանք լուծել մրցավարների և դահլիճի խնդիրը, ապա մրցաշարեր կկազմակերպենք նաև Արցախում»,- տեղեկացրել է Ռ. Նազարեթյանը: Նրա խոսքերով՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի» խաղացողների վարպետությունը բավական բարձր է, և լիգայի մրցաշարերում ի հայտ են գալիս նույնիսկ Հայաստանի հավաքականի թեկնածուներ:
Հանդիպման ավարտին նախարար Հ. Ռոստոմյանը և «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռ. Նազարեթյանը ստորագրել են հուշագիր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի միջև համագործակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա