Հայ-իրանական համատեղ արտադրության «Քարվաճառ» ֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են
«Հայ-իրանական համատեղ արտադրության, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատի «Քարվաճառ» ֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են: Շատ լավ ֆիլմ է ստացվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նա նշեց, որ ֆիլմում ներկայացված է ղարաբաղյան թեման, ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղում, բայց իրանական կողմը մեծ ներդրում ունի այս ֆիլմի ստեղծման գործում:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է շահագրգռել իրանական կողմին իր մասնակցությունն ունենալ այս ֆիլմի ստեղծման գործում, Գ. Գևորգյանն ասաց. «Ռեժիսորը հայ է: Հավանել են սցենարը: Ըստ երևույթին, չեն նայել որպես հայկական թեմա, այլ դիտարկել են ֆիլմի սյուժեն, որակական ցուցանիշները և, որպես ռեժիսորի դեբյուտային ֆիլմ, որոշել են ընդառաջել»:
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կար, եթե այս ֆիլմը հաջողի, հայ-իրանական համատեղ ֆիլմարտադրություն սկսելու վերաբերյալ ընդարձակ պայմանագիր են ստորագրելու:
«Հասունանում է այդ պահը»,- ընդգծեց Գ.Գևորգյանը:
Նշենք, որ «Քարվաճառ» ֆիլմը պատրաստվում «Ֆարաբի» կինոհիմնարկի և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի համագործակցութեամբ:
Խոսելով այլ երկրների հետ համագործակցության և համատեղ ֆիլմարտադրության մասին, Ազգային կինոկենտրոնի տնօրենն ասաց, որ տարեցտարի ավելանում են այն երկրները, որոնց հետ միասին ֆիլմեր են նկարահանում՝ Ֆրանսիա, Ռուստաստան, Բուլղարիա, Էստոնիա և այլն: Ըստ նրա, Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին անդամակցելն էլ ավելի է խթանում այդ համագործակցությանը:
«Միշտ ասում եմ ու այդ հարցը չի լուծվում՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցում ենք, Վրաստանի հետ չի ստացվում»,- հավելեց նա:
Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ Չինաստանի հետ կապված ևս նախագիծ կա, սակայն դեռ սաղմնային փուլում է, չցանկացավ մանրամասներ ներկայացնել: