Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում. ԱԺ փոխնախագահ
Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի մի շարք պատճառներով: Նախ՝ Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահող երկիրը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով: Մենք դրան դեմ ենք,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում»,- նշեց հա՝ հիշեցնելով այս տարվա ապրիլի 22-ին հենց Երևանում Լավրովի արած հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան իր գործելաոճով ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր անում, ինչը հակասում է Մինսկի խմբի պաշտոնական կարծիքին:
«Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահող երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման»,- ասաց Էդ. Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ճիշտ և ամբողջական կլինի, եթե միջազգային հանրությունը ստիպի Թուրքիային կատարել իր իսկ ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները, ավելի՝ Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունը չի նշանակում, որ Թուրքիան և Ռուսաստանը այդ հարցում համաձայնության են եկել՝ հաշվի առնելով նաև այն, որ այդ մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ԱԺ փոխնախագահն ասաց, որ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել թուրքական դիվանագիտության կեղծ ինֆորմացիային:
«Թուրքիան ունի մեկ խնդիր՝ ուժեղացնել իր դերը կովկասյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան գնում է քաղաքական մեկուսացման, Եվրամիության հետ հարաբերություններում բավականին խոչընդոտներ կան: Ցանկանում է ցույց տալ, որ ինքը կա: Թուրքիան խաղացողներից մեկն է, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի, Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն համաձայնվի, որ Թուրքիան որևէ դերակատարում ունենա կարգավորման գործընթացում»,- ասաց Էդ. Շարմազանովը:
Նա նաև մեջբերեց հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված հայտարարությունը, կրկին անգամ հիշեցրեց համանախագահող երկրների հայտարարությունները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով:
«Վերահաստատում եմ՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում: Մենք դրան դեմ ենք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ հայտարարությունը աջակցություն էր հայկական կողմին. Կռիլով
- ՀԱՊԿ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից. Շ. Քոչարյան
- ԱԳ փոխնախարարը պատասխանել է Չավուշօղլուին
- Չավուշօղլու․Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին