Իրաքի բանակը սկսել է Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիան
Իրաքի զինված ուժերն այսօր առավոտյան սկսել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի, ազատագրման ռազմական օպերացիան:
Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Իրաքյան հրետանին սկսել է քաղաքի հրետանակոծումը, որը 2014թ-ից գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ:
Տարբեր տվյալներով՝ քաղաքում կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
Քաղաքի ուղղությամբ շարժվել է նաև զրահատեխնիկա: Բացի Իրաքի զինված ուժերից՝ Մոսուլի ազատագրմանը մասնակցում են նաև Իրաքյան Քրդստանի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի ավիացիան:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ առավոտյան սկսված ռազմական գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող 11 գյուղ արդեն հաջողվել է ազատագրել:
Փորձագետների կարծիքով՝ Իրաքի բանակի կողմից Մոսուլի ազատագրումը կարող է հանգեցնել «Իսլամական պետության» վերջնական ջախջախմանը, մյուս կողմից, հաշվի առնելով ռազմական օպերացիայի բարդության աստիճանը՝ ռազմագետները համարում են, որ գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ:
Քաղաքի ազատագրման գործողությունը պլանավորվել է նախորդ մի քանի ամիսների ընթացքում: Հաշվի առնելով քաղաքի մոտ 1,2 մլն. բնակչության առկայությունը՝ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի՝ կապված խաղաղ բնակչության շրջանում հնարավոր կորուստների հետ:
Հավելենք, որ մոսուլի գործողությունն ուղիղ միացմամբ լուսաբանվում է աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան