Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծը, հայտարարեց, որ տեղեկություններ ունի, թե Հայաստանի կառավարությունը հրաժարվում է հատկացնել ֆինանսական իր մասնաբաժինը ու կյանքի կոչել ընտրական գործընթացների շուրջ պայմանավորվածությունը:
Հիշեցնենք՝ «4+4+4»-ի շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Եվրոպական միության հետ միասին շուրջ 3 մլն եվրո ֆինանսական ներդրում կանի նաև Հայաստանի կառավարությունը՝ էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման համար:
«Այս տեղեկությունը ԵՄ մեր գործընկերների մոտ առաջացրել է որոշակի մտավախություն, որ եթե կառավարությունն ասել է՝ ես փող չունեմ, սա արդեն կարող է խոսել այս համաձայնության հնարավոր չեղարկման մասին», -հայտարարեց Զոհրաբյանը:
«Ինձ շատ հետաքրքիր կլինի լսել, թե այդ որ եվրոպական երկրի ներկայացուցիչն է նման մտավախություն հայտնել», -ի պատասխան նկատեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման բան չկա, և Հայաստանը կատարելու է իր խոստումը:
«Եթե նախագրանցման համակարգ չի գործելու, բնականաբար, այդ գումարները մենք շարունակելու ենք ուղղել այն ծրագրին, որը մենք կյանքի ենք կոչում, այսինքն՝ նույնականացման քարտերի ծրագրին: Իսկ համաֆինանսավորմանը մասնակցելուն իհարկե, մենք պատրաստ ենք: Նախկինում խոսք էր գնում 16-18 մլն եվրոյի մասին և այդ առումով մենք մեր մասնաբաժինը, ասում էինք, որ պատրաստ ենք ստանձնել:
Հիմա խոսքը գնում է լրիվ այլ գումարների մասին, և մեր մասնաբաժինը ավելի ցածր է, որի մասին մենք խոսել ենք, պայմանավորվել ենք, ընդհանուր համաձայնություն ունենք բոլոր դոնորների հետ: Ավելին, կառավարությունն արդեն իսկ նման որոշում ընդունել է: Այնպես որ զարմանալու բան չկա», -հայտարարեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան