ԵԽԽՎ նախագահի բացատրությունները լիրիկայի ժանրից են. Նաիրա Զոհրաբյան
«Որևէ մեկը, անկախ նրանց, թե ով է, իրավունք չունի կամայականորեն անջատել խոսափողը՝ ասելով, թե իմ օգտագործած բառապաշարն իր դուրը չի գալիս: Մենք համապատասխան ընթացակարգերով հետամուտ ենք լինելու, որ իր արած անօրինականությունը հրապարակայանցվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը թույլ չտվեց Նաիրա Զոհրաբյանին ելույթ ունենալ՝ անջատելով խոսափողը:
Նա նշեց, որ միջադեպից հետո Պեդրո Ագրամունտին դիմել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, որ կանոնակարգ է խախտվել.
«ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, մեկ դեպքում է հնարավոր ընդհատել պատգամավորի ելույթը, եթե տվյալ թեմայով զեկույց կա նշյալ նստաշրջանի ընթացքում: ԵԽԽՎ կոռուպցիայի և կոռուպցիոներ պատգամավորների թեմայով զեկույց այս նստաշրջում չի եղել: Մնացած բոլոր բացատրությունները լիրիկայի, էմոցիայի ժանրերից են, թե իբրև իմ օգտագործած բառապաշարն իր դուրը չի գալիս»:
Պատասխանելով հարցին, թե քննադատություններ են հնչում, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի խնդիրները թողած անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրներին, Ն. Զոհրաբյանը նախ ասաց, որ անլուրջ է համարում նման քննադատությունները, ապա հավելեց. «Եթե ադրբեջանական պատվիրակն անհեթեթ հայտարարություններ է անում Հայաստանին ուղղված, չենք կարող չարձագանքել դրանց: Ուղղակի պարտավոր ենք անդրադառնել, քանի որ ԵԽԽՎ-ն վերածվում է մի կառույցի, որտեղ պաշտպանվում են սուլթանատի շահերը: ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած սահմանադրական հանրաքվեն, մենք պարտավոր ենք անպայման անդրադառնալ ու ասել, որ այդ սահմանադրությամբ ԵԽԽՎ անդամ պետությունը վերածվում է սուլթանատի»:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան․ Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի կաշառակեր Ագրամունտը ենթարկվի պատասխանատվության
- Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Պեդրո Ագրամունտն անջատեց Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողները
- Ն. Զոհրաբյանը պահանջում է ԵԽԽՎ-ում հատուկ կարգով քննարկել Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հանրաքվեն
- «Արդյո՞ք սա է իրական ժողովրդավարությունը». Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանի հանրաքվեին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան