Ինչ են հուշում գերտերություններն Ադրբեջանին և ինչ սպասել Ալիևից
Վերջին շաբաթվա ընթացքում՝ գրեթե միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդես եկան նույնանման հայտարարությամբ:
Հայտարարության հիմնական ուղերձն էր՝ Բաքուն և Երևանը պատրաստ չեն Լեռնային ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմանը:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյաննն անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն այս փուլում ամրագրում են, որ բանակցությունները նվազագույնը բարդ փուլում են, իսկ ըստ էության՝ փակուղում:
Հարցին, թե նմանատիպ փուլեր բանակցային գործընթացում վերջին տասնամյակում եղել էին, ինչո՞ւ այն ժամանակ դա չէր ֆիքսվում, քաղաքագետը նշեց, որ ոչ ճիշտ ախտորոշումն արդեն մեկ անգամ բերել է նրան, որ Լեռնային Ղարաբաղում այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ հրահրվեցին ու դա այն պարագայում, երբ մինչև այդ հանդիպումը միջնորդ երկրները մինչև վերջին պահը լավատեսական ազդանշաններ էին սփռում. պատասխանատվության առումով դա մեծ հարված էր համանախագահ երկրներին:
Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ համանախագահ երկրները «ձեռքերը լվանում» են՝ դաշտը թողելով Հայաստանին և Ադրբեջանին, Տ. Աբրահամյանը նշեց, որ դա «ձեռքեր լվանալ» չի համարում, սակայն դա կարող է Ադրբեջանին ծայրահեղ քայլերի դրդել. «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ իրենք չեն կարող երկար սպասել կամ «հանդուրժել» առկա ստատուս քվոն, իսկ այս պարագայում միջնորդները հրապարակային հայտարարում են, որ կարճաժամկետ կտրվածքում լուծում չեն տեսնում: Այս պարագայում կամ Ադրբեջանը պետք է համակերպվի առկա իրողություններին՝ շարունակվելով պատրաստվել պատերազմի հաջորդ փուլին կամ գնա ծայրահեղ քայլերի՝ նվազագույնը կտրուկ սրելով իրավիճակը շփման գծում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ պատահական չէր, որ ադրբեջանական կողմն այս հայտարարություններից անակնկալի գալով բավականին սուր արձագանքեց»:
Այս պարագայում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե իրենց ստիպում են ճանաչել Ղարաբաղը, սակայն իրենք այդ քայլին երբեք չեն գնա հարցի առնչությամբ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Իլհամ Ալիևը ներքին լեգիտիմության խնդիր ունի և այս շրջանում իր երկրի ներսում փորձում է դիրքավորվել որպես «առաջնորդ», ով այնքան ուժեղ է, որ ողջ աշխարհն իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, սակայն նա այնքան ռեսուրս ունի, որ բոլորին «այլ տեղ է ուղարկում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան