Կառավարության ծրագրի նախնական տարբերակը կոնկրետ թիրախներ է ընտրել. ՀՀԿ խոսնակ
Տնտեսական բարեփոխումներ, արդարության ամրապնդում, որակյալ կրթություն, կոռուպցիայի դեմ պայքար, ներքին ու արտաքին անվտանգության հարցեր։ Այս խնդիրները ներկայացված են Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծում, որն այսօր քննարկվել է Հանրապետական կուսակցության խորհրդի, այնուհետև՝ Գործադիր մարմնի նիստում,- ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի նախնական տարբերակը:
«Եղան տասնյակից ավելի հարցեր, ունենք մեկ-երկու օր ժամանակ, որ քննարկենք վերջնական տարբերակը։ Բայց պետք է ասեմ, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմնադրույթներից և նախագահ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները, պարոն նախագահը մատնանշում էր բարեփոխումների իրականացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ բնականաբար, պարոն Կարապետյանի կառավարությունը ու ծրագիրը պետք է ունենար ազդակներ, որոնք բխում են նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթից։ Պետք է նշեմ, որ նախնական տարբերակում կան առաջնահերթություններ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտները ունեն կարիք բարեփոխումները», -ներկայացրեց Շարմազանովը։
Նրա խոսքով, կառավարության ծրագրում, որը հոկտեմբերի 20-ին կամ 21-ին կներկայացվի խորհրդարանի դատին, լուրջ տեղ է զբաղեցնում ներքին ու արտաքին անվտանգությունը։
«Այս կառավարությունը նախագահ Սարգսյանի վստահությունն ունի և արտաքին քաղաքականության ու ներքին անվտանգության ոլորտում հիմնական թեզերը վերցված են նախագահ Սարգսյանի ելույթից։ Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը։ ԼՂ հիմնահարցում իշխող քաղաքական ուժի կարծիքը մնում է հստակ՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք բանակցությունների միջոցով հասնելու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և Արցախի միջազգային ճանաչմանը», -ասաց Շարմազանովը։ Շարմազանովն ասաց, որ տնտեսության ոլորտի վերաբերյալ կառավարության ծրագրով քայլեր են ձեռնարկվելու ներդրումային առողջ միջավայր ձևավորելու համար։
Նա հստակեցրեց, որ կառավարության ծրագիրը վեցամսյա ծրագիր է քանի որ կառավարությունը աշխատելու է վեց ամիս, որից հետո սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Հարցին, թե վեց ամսում էկանա՞ն փոփոխություններ են սպասվում, Շարմազանովը պատասխանեց. «Նայած, թե ով ինչ է հասկանում «էական» ասելով»։
Լրագրողը հստակեցրեց՝ այն, որ մարդիկ զգան փոփոխություններ, ՀՀԿ խոսնակը արձագանքեց. «Այս կառավարության ծրագրի նախնական տարբերակը բավականին կոնկրետ թիրախներ է ընտրել։ ես կարծում եմ, որ ճիշտ նվիրված և պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի»։
Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կարճ հայտարարությունը՝ երկրում «տնտեսական աղետի» մասին, Շարմազանովը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի հետ նման քննարկում չի եղել և հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահին պատասխանել է Կենտրոնական բանկը։
Ներկայացնելով կառավարության ծրագրի նախագծի ընդունման ընթացակարգը, ՀՀԿ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կառավարության նիստում ծրագրի նախագիծը կհաստատվի և այնուհետև կներկայացվի ԱԺ-ի դատին։ Խորհրդարանում ծրագիրը կքննարկվի արտահերթ նիստում, քանի որ արտահերթ նիստի օրակարգը կազմել է կառավարությունը։
Ի դեպ, Շարմազանովը տեղեկացրեց, որ և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ներկա են եղել և ՀՀԿ խորհրդի, և ԳՄ նիստերում։
«Նրանց տրամադրությունը բարձր էր և նրանք աշխատելու են մեր թիմի կազմում», -հավելեց Շարմազանովը՝ լրագրողներին հորդորելով հեքիաթների չհավատալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան