Գառնիում հայտնաբերված կարասները վերանորոգումից հետո կտարվեն թանգարան. Պ.Ավետիսյան
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված կարասները թվագրվում են 13-14-րդ դարերով: Դրանց մեջ, հավանաբար, հացահատիկ է պահվել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Այժմ կարասները գտնվում են հնագիտության ինստիտուտում, կարիք ունեն մաքրման, վերականգնման:
«Հատուկ ուսումնասիրության կարիք չունեն: Այդ ժամանակաշրջանով թվագրվող հարյուրավոր նմանատիպ կարասների օրինակներ ունենք: Մառանների, հնձանների պեղումների ժամանակ անպայման նմանատիպ կարասներ հայտնաբերում ենք»,- նշեց Պ.Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ որպես թանգարանային արժեք, վերանորոգումից հետո կհանձնեն թանգարաններից որևէ մեկին: