Վահագն Դավթյան. «Մրցման տրամադրվածության զգացողությունը միշտ պետք է ուղեկցի մարզիկին»
Աշխարհի գավաթի խաղարկության և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Թբիլիսիում կայացած մարմնամարզության ՎՏԲ-ի Գավաթի միջազգային մրցաշարում օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր:
Panorama.am-ի հետ զրույցում Վահագն Դավթյանը նշեց, որ տարին իր համար բավական հաջող էր և այն հաղթական նոտայով ավարտելը` առավել քան հաճելի:
Վահագն Դավթյան.- Միջազգային այս մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ: Մասնակիցների թվում էին Շվեդիայի, Բելառուսի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականները: Մեր հիմնական մրցակիցները հենց ռուս մարմնամարզիկներն էին, ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչները, որոնց կազմում հանդես էին գալիս ռուս լեգեոնականներ: Բավական ուժեղ մրցակիցներ կային, որոնց հետ նախկինում հանդիպել էինք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Հաճելի կլիներ, իհարկե, եթե մասնակից երկրների քանակը շատ լիներ, բայց, ինչպես արդեն նշեցի, մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում և հետագայում այն կկատարելագործվի:
Panorama.am.- Վահագն, օղակների վարժությունում դարձար ոսկե մեդալակիր: Ի՞նչ տվեց քեզ այս մրցաշարն ու այս մրցանակը:
Վահագն Դավթյան.- Ամենայն հավանականության, սա տարվա վերջին մրցաշարն էր: Առաջնահերթ` սա կարևորում էր փորձի տեսանկյունից: Եվս մեկ մրցաշարի մասնակցելու հանրավորություն ստացա, ինչը շատ կարևոր է ցանկացած մարզիկի համար: Պաշտոնական ստուգատեսերը մի քանիսն են տարվա կտրվածքով, իսկ նմանատիպ մրցաշարերը շատ կարևոր են, քանի որ մարզիկին մշտապես պահում են ռիթմի մեջ: Մրցման տրամադրվածության զգացողությունը միշտ պետք է ուղեկցի մարզիկին: Մեր պարագայում` դա առավել կարևոր է, քանզի վարժություն կատարելը շատ բարդ է, մշտապես պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն և լավ մարզավիճակ, իսկ դա կարող ես ունենալ այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ առջևումդ կա մրցաշար և ամենևին էական չէ, թե ինչ կարգի: Բնական է, որքան շատ ես մասնակցում մրցումների, այնքան վարժությունդ կատարելն ավելի հեշտ է դառնում, իսկ հետագայում արդեն այն կարող ես հղկել, շտկել, բարդացնել կամ թեթևացնել:
Panorama.am.- Փաստորեն` սա տարվա վերջին մրցաշարն էր և կարող ենք ամփոփել տարին: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:
Վահագն Դավթյան.- Տարին բավական հաջող էր ինձ համար: Իմ մասնակցած գրեթե բոլոր մրցաշարերում կարողացա մրցանակային տեղեր գրավել, որոշներում էլ` դառնալ չեմպիոն: Ամենամեծ հաջողություններս գրանցվեցին տարեսկզբին, երբ աշխարհի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի առաջնությունում դարձա արծաթե մեդալակիր: Միակ ափսոսանքս այն էր, որ ինձ չհաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Դրա համար հարկավոր էր նախորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ մրցանակային տեղ գրավել, որն անել, ցավոք, չհաջողվեց:
Panorama.am.- Ինչպիսի՞ն են հաջորդ տարվա ծրագրերը:
Վահագն Դավթյան.- Մյուս տարին Օլիմպիական խաղերին հաջորդող տարին է: Յուրաքանչյուր Օլիմպիադայից հետո մեզ մոտ կանոնադրություն է փոխվում, իսկ դա նշանակում է, որ մեզ համար մի փոքր ավելի բարդ կլինի, քանի որ վարժությունը պետք է նորից կազմվի: Նախ կմասնակցեմ մարզաձևի Հայաստանի առաջնությանը, հետո աշխարհի գավաթի խաղարկություն, Եվրոպայի առաջնություն և աշխարհի առաջնություն: Առաջին հերթին` մտածում եմ նոր վարժությունս կատարելագործելու մասին, որպեսզի այն դառնա այնպիսին, ինչպիսին այս տարվանն էր: Թե ինչ մրցաշարեր կամ ուսումնամարզական հավաքներ ընթացքում տեղի կունենան, մեզ կտեղեկացնեն մարզիչները:
Հ.Գ. Հավելենք, որ ՎՏԲ-ի գավաթի մրցաշարում հայ մարզմնամարզիկները նվաճեցին 3 ոսկե և 1 արծաթե մեդալ: Օղակների վարժությունում արծաթե մեդակալիր դարձավ Արթուր Ավետիսյանը, իսկ ահա Վիգեն Խաչատրյանը ոսկե մեդալներ նվաճեց պտտաձողի և նժույգի թափեր վարժությունում:
Հռիփսիմե Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում