Ա.Մարության. Ընկնելով պահանջարկի հետևից՝ մոռանում ենք բարձր արվեստը
Թատերական արվեստն առանց փառատոնի չի կարող շարժվել առաջ: Թատերական արվեստը Երևանում, Աստծուն փառք եմ տալիս, որ դեռ դիմանում է, կարողանում է շարունակել շնչել: Պետք է թատերական արվեստին ավելի շատ տեղ տալ,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը:
Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի խոսքով՝ կան մի շարք եվրոպական փառատոները, որոնց չափանիշներին հայկական ներկայացումները համապատասխանում են, կարող են դրանց մասնակցել, սակայն ավիատոմսեր ձեռք բերելու համար գումար չունեն:
«Երեք հոգանոց թատերախումբ ուղարկելն արդեն խնդիր է»,- բացատրեց թատերական գործիչների միության քարտուղարը:
Խոսելով հայ հանդիսատեսի մասին, բանախոսների կարծիք հայտնեցին, թե այն կրթվելու անհրաժեշտություն ունի:
«Մեր հանդիսատեսը թատրոնի նոր լեզուն շատ դժվար է հասկանում»,- նշեց Ս.Մելոյանը:
Ըստ Ա.Մարությանի, ընկնելով պահանջարկի հետևից՝ մոռանում են բարձր արվեստը. «Այսօր հանդիսատեսին ոչ թե ասում ենք գնացեք թատրոն, այլ հեռվացնում ենք թատրոնից՝ մեր արած մեյմունություններով»: