Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագրում կարող են ներգրավել նաև իրանական կազմակերպություններ. Վարչապետ
Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով, շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ մասին այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» ենթակայանի, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման, ինչպես նաև «Գազ-Էլեկտրաէներգիայի դիմաց» ընթացիկ ծրագրերը:
Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել նաև տարածաշրջանային Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համագործակցության ձևաչափը:
Խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մասին՝ վարչապետը նշել է, որ հետաքրքրության դեպքում այդ ծրագրում կարող են ներգրավել նաև իրանական ընկերությունները:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանն ունեն առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ:
Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին, ըստ աղբյուրի, պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելու փոխշահավետ ծրագրեր, նպաստելու տնտեսական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը:
Դեսպանը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և համոզմունք հայտնել, որ այդ առումով լավ խթան կարող է դառնալ վերջերս Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսին հայաստանյան ավելի քան 100 ընկերությունների մասնակցությունը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը: