Հրդեհ Հնդկաստանի հիվանդանոցում. կա առնվազն 20 զոհ
Առնվազն 20 մարդ է զոհվել Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեշվար քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Ըստ տեղի ոստիկանության հաղորդման՝ հրդեհը բռնկվել է Ինտենսիվ թերապիայի բաժանմքունքում, այնուհետև տարածվել կից պալատներում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ վկաների և հիվանդանոցի աշխատակիցների պնդմամբ՝ հրդեհի հավանական պատճառը եղել է կարճ միացումը:
Առողջապահության նախարարության քարտուղարի խոսքով հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, իսկ ևս 100 անձ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել քաղաքի այլ բժշկական հաստատություններ: Վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ստեղծված խուճապի հետևանքով որոշ հիվանդներ և հիվանդանոցի աշխատակիցներ փորձել են պատուհաններից դուրս ցատկել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2011թ-ին արևելյան Կոլկատա քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհը 89 մարդու կյանք էր խլել: