Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված նկարչուհի, անիմատոր Սևան Նագաշյանին: Միությունից Panorama.am-ին հայտնեցին, որ երեկոյին ներկա են լինելու արվեստագետի ընկերները, ցուցադրվելու է փոքրիկ տեսանյութ, ներկաները կիսվելու են Սևան Նագաշյանի հետ կապված իրենց հիշողություններով:
«Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակն այսուհետ կկրի Սևան Նագաշյանի անունը:
Հիշեցնենք՝ բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագաշյանը մահացել է հոկտեմբերի 13-ին: Նա 48 տարեկան էր:
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ով մասնակցելու է կայանալիք երեկոյին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Հնարավոր չէր Սևանին չճանաչել ու չհամակրել: Սևանին, կարծում եմ, իմ սերնդի արվեստագետներից դժվար որևէ մեկին գտնեք, որ չէր ճանաչում դեռ ուսանողական տարիներից. նախ աչքի էր ընկնում, որովհետև խոշոր էր, երկրորդ՝ աչքի էր ընկնում, որովհետև սփյուռքահայ էր, երրորդ՝ աչքի էր ընկնում, որովհետև անանձնասեր հայրենասեր էր: Հայրենասիրության այդ դրսևորումը հազվագյուտ էր: Իրատես էր իր հայրենասիրության մեջ, միշտ գտնում էր յուրօրինակ ինչ-որ բան, որին սիրահարվում էր Հայաստանում, համարում, որ դա է հայրենիքը, մնացած ամեն ինչն այդքան էլ նշանակություն չունի: Կարծում եմ՝ ընկերներին էլ էր այդ սկզբունքից ելնելով ընտրում»:
Վահան Արծրունին ժամանակ առ ժամանակ հանդիպել է Սևանին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, հիմնականում ԱՄՆ-ում:
«Այն ջերմությունը, որ իր ինքն իր մեջ կրում էր, բաց սիրտն ու անանձնական նվիրումը իր իդելաներին, գաղափարներին, միշտ իր հետ էր:
Ոչ միայն պարզապես մարդ, ընկեր, արվեստագետ կորցրեցինք, այլ կորցրեցինք մեկին, ով կրիչն էր այդ հավզագյուտ հատկությունների, յուրօրինական հայրենասիրության, միայն հայ կնոջը հատուկ ջերմության»,- ասաց Վ. Արծրունին:
Խոսելով Սևանի արվեստի մասին, նա նախ ասաց, որ կերպարվեստով զբաղվող արվեստագետի ճանապարհը հարթ չի լինում, մշտապես ձևի, գույնի փնտրտուքի մեջ էր:
«Քայլ առ քայլ մոտենում էր այն իդեալին, որը հաստատ տարիների ընթացքում հղկում էր ինքն իր մեջ, մոտենում էր այն ֆորմային ու գույնին, որը միայն իրենը կլիներ: Ցավոք, այդ ճանապարհն ընդհատվեց: Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի»,- ասաց Վահան Արծրունին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան