Բաբայան. Արցախն անկախ պետություն է՝ ինքնավարությունը պարոն Ալիևը թող տա Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին
Եթե Ալիևը խոսում է ինքնավարության մասին, ապա խորհուրդ կտայինք պարոն Ալիևին, իր պետության մասին մտածի այլ տեսանկյունից, որովհետև նույն Ադրբեջանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնք նույնպես ռեզերվացիայի կարգավիճակում են ապրում՝ ավարցիները, լեզգիները թաթերը, թալիշները և այլ ազգեր: Թող իրենց տա ինքնավարություն, մանավանդ որ նրանք ձգտում են իրենց ազգային ազատագրական իղձերն իրականացնել: Եթե նա հիմա դա չանի, ապա հետագայում մեծ հավանականություն կա, որ նոր հակամարտ գոտիներ կստեղծվեն Ադրբեջանում: Իսկ անկախ պետության պարագայում, ուղղակի ճանաչում են նրա ինքնիշխանությունը,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը, նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Россия сегодня» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցրազրույցում նշել է. «Ողջամիտ փոխզիջումները հնարավոր են՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, նրանց կենսագործությունը, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականցումը: Եվ երկու ժողովուրդների միջև փոխհամագործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով: Այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»:
«Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Նախ և առաջ դա ցույց է տալիս, որ ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում Ադրբեջանում: Ալիևը երբևէ չի խոսել ինքնավարության մասին: Իսկ մինչ այդ միայն խոսում էին Արցախի ոչնչացման մասին: Կարելի է ասել, որ մոտեցման նոր վեկտոր է ձևավորվում: Այս տրամաբանությունից ելնելով կարող ենք ասել, որ մեկ-երկու ամիս հետո չի բացառվում, որ Ալիևը պաշտոնապես ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը: Մյուս կողմից, իհարկե, սա ավելի քիչ հավանական է, ընդհակառակը՝ Ալիևը ցույց է տալիս, որ ինքը շարունակում է ապակառուցողական, նացիստական քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ ինքնավարության մասին հարցը ընդհանրապես չի կարող քննարկվել:
«Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ մեկ անգամ է եղել առաջարկ, այն էլ համատեղ պետություն ստեղծելու մասին 1997-99թթ.-ին, որը եղել է բանակցային սեղանին, ըստ որի Արցախը և Ադրբեջանը կունենան հավասար իրավունքներ կարգավիճակ և այլն: Ադրբեջանը չընդունեց այդ առաջարկը, տապալեց այն՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի և Արցախի բնակչությունն ու տարածքը անհամադրելի են և չեն կարող լինել հավասար: Այդ ժամանակ նույնիսկ քննարկվեց Տանզանիայի փորձը»,- նշեց Բաբայանը:
Դ.Բաբայանը նաև հիշեց, որ Ադրբեջնի կազմում եղել են երկու հայկական ինքնավարություններ, մեկը Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որի ճակատագրին մենք ծանոթ ենք, իսկ մյուսը՝ ԼՂԻՄ-ը:
«Այնտեղ եղել է, ոչ այլ ինչ, քան սպիտակ ցեղասպանություն: Հայ ազգաբնակչությունը ստիպված լքեց, արտագաղթեց Նախիջևանից: Իսկ ԼՂԻՄ-ում բնակչությունը 70 տարի անընդմեջ բռնությունների էր ենթարկվում: Ամեն ինչ արվում էր, որ հայաթափվեր նաև ԼՂԻՄ-ը: Հայաթափվեց ողջ Հյուսիսային Արցախը՝ Գարդմանքը պատմական հայկական այլ տարածքներ, նախկին Ադրբեջանական ԽՍՀ բոլոր հայաբնակ վայրերը, հիշենք Սումգայիթի դեպքերը, Բաքվի և մյուս հայաշատ բնակավայրերի էթնիկ զտումները: Եվ հիմա նա խոսում է ինքնավարության մասին: Սա անհեթեթություն է և չի կարող նման բան լինել՝ Անկախ պետությունը ամեն ինչից զրկվի և փորձի վերադառնա համակենտրոնացման ճամբարի կարգավիճակի: Այդպիսի բան չի լինելու: Սա ցույց է տալիս որ այնտեղ որևէ դրական միտում չկա»,- նշեց խոսնակը:
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարության վերաբերյալ Ալիևի պատասխանին, Բաբայանը նշեց, որ դա հոգեբանական լուրջ ուսումնասիրությունների տիրույթում է գտնվում:
«Նա գիտի որ ինքն է մեղավորը, դրա համար ժամանակին փորձում է արդարանալ: Իհարկե Քերրին բացեիբաց չի ասել, բայց պարզ է որ Ադրբեջանն է մեղավորը այդ ամենի մեջ: Դրա համար Ալիևը փորձում է հակադարձել, ավելին՝ ոչ միայն չի փորձում իրավիճակը շտկել, այլ փորձում է խաղալ ընդդեմ Արևմուտքի»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին