Հրազդանում տեղի ունեցած վթարից տուժածների մասին մանրամասներ
Այսօր Երևան -Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիները «Հրազդան» բժշկական կենտրոնում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը:
«Հոսպիտալացված հիվանդ չկա, բոլորը բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն»,- նշեց նա:
Ռոբերտ Սահակյանն ասաց, որ Opel մակնիշի մեքենայի վարորդը, որը զինվորական է, տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Նշենք, որ վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
«Նրա վիճակը նորմալ էր, բայց գանգուղեղային տրավմայի պատճառով ուղարկվել է Երևան, որպեսզի համակարգչային տոմոգրաֆիան անեն՝ պարզելու, թե խնդիր կա, թե ոչ»,- նշեց Ռոբերտ Սահակյանը:
Նա նաև հայտնեց, որ վթարից ընդհանուր առմամբ տուժել է 11 քաղաքացի:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանն էլ Panorama.am-ին հետ զրույցում հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված տղան Նեյրովիրաբուժական բաժանմունք ընդունվել է գանգուղեղային վնասվածքով: Վիճակը գնահատվում է միջին ծանրության, վիրահատության կարիք չկա:
Հիշեցնենք, որ այսօր 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է:
Նշենք նաև, որ Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան