Եվրամիության յուրաքանչյուր չորրորդ բնակչին աղքատություն է սպառնում
Եվրոպական միության գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակչին սպառնում է աղքատություն կամ իրավիճակ, որտեղ նա միջոցների անբավարարության պատճառով չի կարողանա լիարժեք մասնակցել սոցիալական կյանքին: Այս մասին ասված է Եվրոպական վիճակագրական գերատեսչության` Eurostat-ի տարածած հաղորդագրությունում:
2015թ-ին Եվրոպական միությունում աղքատության շեմին է գտնվել բնակչության 23,7%-ը կամ 119 մլն մարդ: 2012թ-ին այս ցուցանիշը կազմել է 25 տոկոս, և այն տարեցտարի նվազել է: Այսպիսով` ԵՄ-ում աղքատության ցուցանիշն առաջին անգամ հասել է մինչճգնաժամային մակարդակին:
Գերմանիայում աղքատությունը սպառնում է բնակչության 20 տոկոսին: Աղքատության առավել բարձր ցուցանիշ ունեն Բուլղարիան (41%), Ռումինիան (37%), Հունաստանը (35,7%): Աղքատության ամենացածր ցուցանիշն ունի Չեխիան` 14 տոկոս:
Եվրոստատն աղքատության ցուցանիշը դիտարկում է երեք հիմնական ցուցանիշների հիման վրա` «աղքատություն` ցածր եկամուտների պատճառով», «նյութական միջոցների անբավարարությունը» և «աշխատանքի ցածր արտադրողականությունը»: