Կրթությամբ մտահոգված մարդիկ շատ քիչ են կադրերում. Բախշյան
«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարարին ուղղված վարչապետի հանձնարարականին՝ ուսումնասիրել դպրոցներում բարեկամական կապի հիման վրա աշխատանք տրամադրելու վերաբերյալ հարցը:
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ԿԳ նախարարն այդ հանձնարարականը կատարելու. եթե փորձի արգելող օրենք ընդունել, ապա դա մարդու իրավունքների խախտում է: Եթե վերևում կադրային քաղաքականությունը դրված է այնպես, որ բացառվի ազգակցականի արտոնյալ լինելը, շահերի բախումը, ապա դպրոցի տնօրենն էլ կտեսնի, որ դա սխալ է և չի ցանկանա հակադրվել: Կադրային քաղաքականության առողջ սկզբունքը վերևում պետք է դրվի, թե չէ ներքևում կասեն՝ ինչո՞ւ իրենց կարելի է, մեզ չի կարելի»,- ասաց նա:
Բախշյանը նշեց, այնուամենայնիվ, դպրոցներում այս խնդիրն անհանգստացնող է և կադրային քաղաքականությունը սխալ է տարվել. «Դպրոցների տնօրենները հլու կամակատար անձինք են, որովհետև ունեն «դաբրո», իսկ եթե չունենային, չէին հայտնվի այդտեղ: Կրթությամբ մտահոգված մարդիկ շատ քիչ են կադրերում»:
Նրա պնդմամբ՝ դպրոցներում շատ խնդիրներ լուծում կստանան, եթե դպրոցները գտնվեն ԿԳ նախարարության ենթակայության ներքո. «Շրջանառվում է նաև նախագիծ, ըստ որի, դպրոցները կարող են մարզպետարաններից դրվել համայնքապետարանների ենթակայության ներքո: Այդպիսի փոփոխությունը կարող է կործանարար լինել: Իրավիճակից դուրս գալու լուրջ փոփոխություններ պետ է անել: Առաջին հերթին՝ դպրոցները վերադարձնել ԿԳ նախարարության ենթակայության ներքո»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները