Մենք ձևակերպել ենք բավականին հետաքրքիր ծանրաձող. Կարապետյանը՝ կառավարության ծրագրի մասին
Այսօր կառավարությունում տեղի ունեցած արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին: Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նիստում քննարկվել է երկու հարց` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը:
ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։
«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը:
«Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառե'նք»,-նշել է վարչապետը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան