«Ջոն արքա» ներկայացումը Վրաստանում կոտրել է հայկական թատրոնի մասին ստերիոտիպը. Ս.Մելոյան
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը Թբիլիսիում կայացած «New» միջազգային թատերական փառատոնում մեծ հաջողություն է ունեցել: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանն ասաց, որ մեծ պատիվ է նման փառատոնին մասնակցելը:
«Բացառությամբ Մոսկվայի, նախկին ԱՊՀ տարածքում նման փառատոն չկա: Բյուջեն կազմում է 1 միլիոն դոլար»,- նշեց նա:
Ինչպես բոլոր մեծ ու հայտնի փառատոները, այս փառատոնն էլ մրցանակաբաշխություն չունի, ուղղակի ներկայացումների համաշխարհային «պանոռամա» է:
«Այն փաստը, որ «Ջոն արքա»-ն ընդգրկվել էր փառատոնի խաղացանկում, արդեն մեծ հաջողություն է, քանի որ անթիվ հայտեր էին ներկայացվել, ընդունվել էր արտասահմանյան 12 ներկայացում (իսպանական, ռուսական, ճապոնական, և այլն): Մեկը հենց մեր մայր թատրոնի ներկայացումն էր»,- ասաց նա:
Փառատոնը կայացել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 8-ը:
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի խոսքով ևս՝ ներկայացումը շատ լավ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
«Տիգրան Գասպարյանն այնպես է բեմադրել, որ կարելի է խաղալ և փոքրիկ սենյակում, և այգում, և «Գլոբուս» թատրոնում: Փառատոնի շրջանակում մեզ տրամադրել էին շատ լավ բեմ՝ 450 հանդիսականի համար էր թատրոնը: Շատ լավ ընդունվեց»,- ասաց դերասանը՝ հիշելով, որ երբ Սոնա Մելոյանը տեղեկացրել է այս ներկայացմամբ փառատոնին մասնակցելու իր ցանկությունը, ինքը թերահավատորեն է վերաբերել, թե այն կարող է ընդգրկվել խաղացանկում:
Ս. Մելոնյանն ասաց, որ ներկայացումից հետո փառատոնի համակարգողը մոտեցել է իրեն, փոխանցել հանդիսատեսի արձագանքը՝ գովասանքի խոսքերը, ասել. «Դուք այս ներկայացումով լրիվ կոտրեցիք մեր պատերացումները, ստերիոտիպը հայ թատրոնի մասին: Եթե նման ներկայացում լինի, մենք մեծ հաճույքով կշարունակենք համագործակցությունը»: