Ոչ ճիշտ կայանումը, որպես Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառ՝ կարելի է բացառել
Բեռնատարը, որին բախվել էր Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը, կայանված է եղել ճանապարհից դուրս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:
Նշենք, որ նա վթարից հետո եղել է դեպքի վայրում:
«Այսինքն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ չի եղել այդ կայանումը, և նախնական վարկածը, որ հնարավոր է բեռնատարի ոչ ճիշտ կայանումն է եղել վթարի պատճառը՝ կարելի է բացառել: Գոնե այդպես ինձ հաղորդեց քննիչը»,- նշեց Արամ Արսենյանը:
Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս կապ է հաստատել հետաքննությունը վարող քննիչի հետ և, ինչպես իրենց են հայտնել, մեքենան կայանած է եղել ճանապարհից դուրս:
Ինչ վերաբերում է վարորդի քնած լինելու վարկածին, փոխնախարարն ասաց, որ մինչև քննությունը չավարտվի, ոչինչ չեն կարող ասել:
«Ինձ հետաքննիչը խնդրեց հապշտապ որևէ հայտարարություն չանել, վարկածներ չհնչեցնել, սպասենք պաշտոնական հետաքննության ավարտին, որից հետո արդեն պարզ կլինի»,- ասաց Արամ Արսենյանը:
Ճշտող հարցին, թե այս պահին ի՞նչ նախնական վարկածներ են քննվում, փոխնախարարը պատասխանեց. «Բոլոր վարկածներն էլ շրջանառության մեջ են քննիչի կողմից: Դա կարող է լինել և մեքենայի տեխնիկական անսարքությունը, և մարդկային գործոնը, և վարորդի առողջական վիճակը»:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան՝ վարորդը առողջական խնդիրներ ունեցե՞լ է, թե ոչ, Արամ Արսենյանն ասաց, որ իրենք առայժմ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել:
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ անդրադառնալով տուժածների առողջական վիճակին՝ նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում բուժում ստացող 4 հիվանդներից մեկի վիճակը ծանր է, մյուս երկուսն էլ տեղափոխվել են այլ քաղաք` վիրահատության:
Նշվեց նաև, որ ավտոբուսի երկրորդ վարորդը, որն ունի աչքի վնասվածք, կնոջ հետ գտնվում է Վլադիկավկազում:
«Տեղի հայ համայնքը նրանց մասին հոգ է տանում: Գիշերը նրանց կճանապարհեն և Հայաստանի սահմանին հասնելուն պես վարորդին շտապօգնության ավտոմեքենայով կտեղափոխեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով»,- ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
- Ռուսաստանում ավտոբուսի վթարի գործով արդեն կա կասկածյալ
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 8-ը շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցներում
- Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան