Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
«Կինոյի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է, շրջանառության մեջ է: Քանի որ հաստատված չէ, օրեր առաջ մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը հավաքել էր կինոգործիչներին՝ ևս մեկ անգամ քննարկելու նախագիծը,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա ներկայացմամբ, օրենքի նախագծով առաջարկվում է ցուցադրել հավաստագիր ունեցող կինո, ֆիլմերն ազատել ավելացված արժեքի հարկից, նաև օտարերկրյա կինոներդրողին 20 տոկոսի չափով ազատել ավելացված արժեքի հարկից, և այլն:
«Ամենակարևորն այն է, որ անկախ նրանից, թե այս օրենքը շատ մեծ արտոնություններ կտա, կամ չի տա, միայն այն, որ Հայաստանը կունենա նման օրենք, արդեն մեծ բան է, դրական ցուցանիշ է: Մենք մեծ կապեր ունենք արտասահմանյան տարբեր կառույցների, կինոֆոնդերի հետ, տարբեր երկրների հետ համատեղ ֆիլմեր ենք անում: Երբ նախագիծը հավանում են, թեման իրենց համար ընդունելի է, ուզում են իմանալ՝ արդյոք երկիրն ունի կինոյի մասին օրենք, այսինքն հաստատագրված է երկրի մասնակցությունն օրենքով, պետությունն ունի կինոն պաշտպանող օրենք»,- ասաց Գ. Գևորգյանը՝ հավելելով, որ այսքան տարիներ բավականին մեծ դժվարությունների էին հանդիպում համատեղ ֆիլմարտադրության հարցերում հենց օրենքի բացակայության պատճառով:
Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով՝ օրենքի առկայությունն արդեն երաշխիք է, որ շատ պրոդյուսերական ընկերություններ Հայաստանի հետ ազատ փոխհարաբերությունների մեջ կմտնեն:
Դեռևս պարզ չէ, թե երբ նախագիծը վերջնական տեսքով կներկայացվի կառավարության հաստատմանը, որից հետո էլ կուղարկի Ազգային ժողով:
Հարակից հրապարակումներ`
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
- «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն կառավարությունում է. Գ. Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
- Հնարավոր է 2015-ին Հայաստանն ունենա կինոյի մասին օրենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին