ՏՏ ոլորտը համալրվում է տաղանդաշատ պատանիներով. Հովիկ Մուսայելյան
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է բացահայտել և խրախուսել տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների և դպրոցների տաղանդաշատ պատանիներին՝ ուղղորդելով նրանց ինչպես տեխնոլոգիական ձեռներեցության, այնպես էլ տեխնիկական գիտակրթական ուղղվածության ոլորտներ: Այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:
Նրա խոսքերով՝ 2005 թվականից առ այսօր այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցել են հազարավոր շնորհաշատ պատանիներ: Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում 273 ուսանող և 136 աշակերտ հաղթել են մրցանակաբաշխությունում:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներն ունեն բացառիկ հնարավորություն հարցազրույցների ժամանակ բացահայտել այն միտումները, զարգացումները, որոնք առկա են տեխնիկական ուղղվածություն ունեցող համալսարաններում ու դպրոցներում: «Շատ դեպքերում այդ հարցազրույցների արդյունքները մեզ գոհացնում, ուրախացնում, ոգևորում են, և մենք համոզված ենք, որ այս մրցանակաբաշխության հաղթողները ևս կհամալրեն այն տաղանդաշատ պատանիների, երիտասարդների շարքերը, որոնցով մենք միշտ հպարտանում ենք»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:
Ըստ նրա՝ թեև բազմիցս ասել է, որ մեր աշակերտները տարբեր միջազգային օլիմպիադաներում մեդալներ են բերել, սակայն նրանցից շատերը, մասնագիտություն ընտրելիս, գնում են ոչ բնագիտական հոսքերով, և այս հանգամանքը բոլորին մտահոգում է: Դա էր պատճառը, ըստ Հովիկ Մուսայելյանի, որ նախորդ տարի Վիվա- Սելլ ՄՏՍ, Սինոփսիս և Յունիքոմփ ընկերությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում են պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ 2015թ-ի սեպտեմբերի 1-ից 5 ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, ՏՏ-ը և հաղորդակցությունը դարձել են պարտադիր առարկաներ:
«Մենք հպարտ ենք, որ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է նման ծրագիր իրականացվում: Միջազգային շատ փորձագետներ նշում են, որ տարիներ շարունակ բազմաթիվ երկրներում քննարկում են նմանատիպ ծրագիր իրականացնել, բայց առաջին քայլը կատարվեց Հայաստանում»,- ընդգծեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը՝ հավելելով, որ այս տարի ծրագրին միացել է ևս 5 դպրոց:
Նախատեսվում է, որ մինչև 2025թ-ը հանրապետության բոլոր ավագ դպրոցներում պարտադիր կդասավանդեն այդ առարկաները: «Արդյունքում՝ ԲՈՒՀ-երի ՏՀՏ ֆակուլտետները կհամալրվեն որակյալ և համապատասխան գիտելիքներ ունեցող բազմաթիվ պատանիներով: Բացի այդ, մենք այս քայլով կկարողանանք ապահովել ազգային կոորպորացիների մուտքը Հայաստան, և կարողանանք ուղղորդել լավագույն ուսանողներին դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն»,- ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ ձեռներեցության դասավանդումը պետք է սկսվի տարրական դասարաններից, և երեխաների համար գումար աշխատելը ոչ թե պետք է դիտարկվի որպես նպատակ, այլ որպես՝ միջոց:
Ի դեպ, Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ այս մրցանակաբաշխության արդյունքում ձևավորվել է ակումբ, որտեղ ընդգրկված են նախորդ տարիներին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողները:
Նշենք, որ այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է 138 ուսանող 5 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 8 դպրոցներից: ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել 28 ուսանող և 15 աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան