Դ.Մեդվեդևն ու Տ.Սարգսյանը քննարկել են ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները:
Տ. Սարգսյանն ընդգծել է, թե օրակարգում ամենաարդիական խնդիրը մնում է ինտեգրման խթանումը:
«Մենք փորձում ենք գտնել լրացուցիչ խթաններ, որոնք կկարողանային բացահայտել այն ամբողջ ներուժը, որ կարող է օգնել մեր երկրներին՝ նախևառաջ ապրանքների ներքին շուկան խթանելու գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ նախապատրաստել են համապատասխան առաջարկություններ:
Դ.Մեդվեդևը մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է հոկտեմբերի 27-ին Մինսկում: Նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարության ղեկավարները: