
Վանաձորում ծննդաբերությունից հետո մահացած կնոջ դեպքով զբաղվում են իրավապահները
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տեղեկացնում են նաև, որ բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: