ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար
«Երկար տարիների ընթացքում համոզվել ենք, որ կեղծ դեղերը ոչ թե Հայաստանում են արտադրվում, այլ Հայաստանի տարածքից դուրս»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նրա, սա նշանակում է, որ կեղծ դեղերի դեմ պայքարի ամենագործուն մեխանիզմներից մեկն այն է, որ այն երկրներից, որտեղից ներմուծվում, գալիս են Հայաստան, այդ երկրները նույնպես պետք է ջանքեր, մեխանիզմներ գործադրեն կեղծ դեղերի արտադրության դեմ պայքարելու համար:
«Պետականորեն վերահսկվում է միայն օրինական արտադրությունը»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ կեղծ դեղերի հայտնաբերման միակ ճանապարհը փորձաքննությունն է և ահազանգը:
«Մենք ունենք տեսչական մարմին, որի կարողությունները փոքր են, թույլ են, ուժեղացնելու կարիք կա: Այս համաձայնագրով այս կարողություններն ընդկայնվելու են»,- ասաց Ս. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կեղծ դեղերի դեմ պայքարը իսկապես մեծ նշանակություն ունի, ազգային անվտանգության խնդիր է, աշխատանքներում ներգրավված են այլ գերատեսչություններ ևս:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ. «Հենց բժիշկներն են ասում՝ աշխատեք այստեղի դեղերից չօգտվել, ուրիշ տեղերից բերեք»:
Միաժամանակ պատգամավորը հավելեց, որ այլ երկրներից դեղեր բերելը ձեռտու է և որակի, և գնի առումով:
«Բացիթողի, անտեր վիճակ է այս համակարգում: Ո՞վ է տիրություն անում: Հաճախ մարդիկ սրանից տուժում են: Դրա համար քաղաքացիները ծանոթ են գտնում, որ դրսից դեղ բերեն իրենց համար»,- ասաց Արամ Մանուկյանը:
Առողջապահության փոխնախարարը կրկնեց, որ Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում:
«Թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերած դեղերը բարձր որակի են: Միջազգային բազմաթիվ փորձագետների քննարկումների ժամանակ ամենամեծ թվով կեղծ դեղերի առկայությունն արձանագրվել է Վրաստանի շուկայում»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի շուկայի ընդամենը 4 տոկոսն է ծածկվում տեղական արտադրության դեղամիջոցներով. Ս. Խաչատրյան
- ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար