Bloomberg-ը Ռուսաստանում ինֆլյացիայի նոր ալիքի վտանգ է տեսնում
Ռուսաստանում Կենտրոնական բանկի կողմից ինֆլյացիայի կառավարումը մանրածախ առևտրի ծավալների ` արդեն 21 ամիս շարունակվող անկման պատճառով վտանգի տակ է գտնվում: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի գլխավոր դրամատան հրապարակած ցուցանիշներին:
Եկամուտների անհավասար բաշխման խորացման և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կրճատման հետևանքով Կենտրոնական բանկի կողմից ինֆլյացիայի կառավարումը կարող է վտանգի տակ հայտնվել: Գործակալության տվյալներով` Ռուսաստանում մանրածախ առևտրի անկումը շարունակվում է արդեն 21 ամիս, այն դեպքում, որ բնակչության տնօրինած իրական եկամուտներն ամեն տարի կրճատվում են 7 տոկոսով:
«Միջին խավի անկումը բացասական կազդի ինֆլյացիայի վերահսկման վրա, քանի որ բարձրանում են ռիսկերը` կապված հարկաբյուջետային քաղաքականության հետ», - գործակալության հետ զրույցում ասել է տնտեսագետ Օլեգ Կուզմինը:
«ԿԲ տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական առավել խորը անհավասարությունը նվազեցնում է գների ճկունությունը և բարդացնում է ինֆլյացիայի վերահսկման գործընթացը: Առավել քիչ ունևոր ընտանիքները, որպես կանոն, որոնք չունեն խնայողություններ և վարկ վերցնելու հնարավորություն, առաջին հերթին իրենց տնօրինած եկամուտը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա և ծանր են արձագանքում տոկոսադրույքների փոփոխմանը», - կենտրոնական բանկի եզրահանգումները մեջբերում է գործակալությունը:
Նշենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը սպետեմբերի 16-ին որոշում կայացրեց նվազեցնել հիմնական տոկոսադրույքը` 10,5%-ից մինչև 10%: Ավելի ուշ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարեց, որ 2016թ-ի ընթացքում հիմնական տոկոսադրույքի հավելյալ նվազեցումը քիչ հավանական է:
Նշենք, որ տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է 4,05% ինֆլյացիա, իսկ մեկ տարվա կտրվածքով` 6,42%: