Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախորդ տարի Տուլայում տեղի ունեցած վթարից հետո նախարարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտը կանոնակարգելու համար:
Ըստ նրա խոսքի՝ թեև օրենքի ընդունումն ունի ընթացակարգ, իրենք ամեն ինչ անում են այն ավելի արագ ընդունելու համար:
«Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվում, պետք է խնդրին ամբողջական մոտեցում ցույց տալ: Այստեղ նաև հասարակության մասնակցություն է պետք: Միայն օրենք ընդունելն ու ստուգելը քիչ է»,- ասաց նախարարը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանն էլ նշեց, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կարգավորման մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում:
«Այդ օրենքով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ, խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի վրա, բացի այդ, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է կատարվեն միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում, ուղևորների անվանացանկը ևս պետք է վերահսկվի»,- ընդգծեց Արամ Արսենյանը:
Նրա խոսքերով՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնականում վերահսկվում են փոխադրողի և պատվիրատուի կողմից, իսկ նախարարության վերահսկողությունն ավելի քիչ է, քանի որ վստահում են պատվիրատուին: Մինչդեռ կանոնավորի դեպքում, ըստ Արամ Արսենյանի, ունեն լիակատար վերահսկողություն:
Հարցին, թե արդյոք Բեսլանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի տուժածներին փոխհատուցում կտրամադրվի, նախարար Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ քննարկվում է այդ հարցը. «Կարծում եմ, որ ճիշտ չէ դա ձևակերպել որպես փոխհատուցում, դա կարող է լինել օգնություն: Հիմա քննարկվում է և այդ օգնությունը կցուցաբերվի»: :
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան