Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նախքան քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք կարևորում ենք ձեռք բերած համաձայնագիրը, բայց համաձայնագիրը տապալելու միտում ենք տեսնում: Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ՝ դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ բառն ավելացնել: Մեր քննարկումներն այս պահին, կարծես, որևէ հանգուցալուծման չեկան: Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելուց, չեղարկվելու է ընտրատեղամասերում տեսանկարահանելը, ուրիշի փոխարեն քվեարկության համար քրեական պատասխանատվությունը: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու, որովհետև միտում ենք տեսնում ուղղակի տապալելու համաձայնությունը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն: Եթե չգանք համաձայնության, մենք երկրորդ ընթերցման քվեարկությանը չենք մասնակցելու»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից:
«Կան մասնագիտական տարբեր մոտեցումներ: Հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով, քննարկեցինք, ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետև երկար աշխատանք է կատարվել, պարզապես մեկ հարցի շուրջ կա տարբեր մասնագիտական մոտեցումներ: Հորդորում եմ քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել են հուշագիրը, կողմ քվեարկել առաջին ընթերցման ժամանակ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կշարունակենք քննարկումները, կաշխատենք հարթել այդ մոտեցումները»,- նշեց նա:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ մի փոքրիկ թնջուկ կա, անպայման պետք է պարզաբանվի:
«Եղել է այնպիսի պայմանավորվածություն, որ մենք առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկենք, հետագա աշխատանքների ժամանակ կլինի փոփոխություն այդ հոդվածում: Ելնելով այս պայմանավորվածությունից՝ մենք կողմ կքվեարկենք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան