Կառավարությունը խոստանում է խրախուսել ներդրումները, զարգացնել գործարարությունը, խթանել արտահանումը
ՀՀ կառավարության ներկայացրած նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցներն օպտիմալացնել, ինչպես նաև բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ծրագրի նախագծից, որը հավանության է արժանացել գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
Կառավարությունը ծրագրում է 2017 թվականի ընթացքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով, գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքերով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով:
Այս կառավարությունը ևս խոստանում է գործարարության զարգացում և խրախուսում: Մասնավորապես, տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում, նոր ստեղծվող ձեռնարկությունների, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի չափանիշներին բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ թվում նաև էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու միջոցով), խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպտակով, փոքր և միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով:
Իսկ մինչև 2016 թվականի ավարտը, ըստ ծրագրի, նախատեսվում է բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում: Բացի այդ, կառավարությունը խոստանում է բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով):
Կառավարությունը վեց ամսվա ընթացքում նպատակ ունի տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում իրականացնել, ինչպես նաև վերհանել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերը և դրանց վերացման ուղղությամբ կիրականացնի միջոցառումներ:
Ծրագրվում է նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում, պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում:
2017 թվականին կառավարությունը ծրագրում է կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը, ինչպես նաև կրճատել ու տրամադրման գործընթացներն առավելագույնը պարզեցնել:
Բացի այդ, նախատեսում է առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով, ոչ ռիսկային համարվող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր (հավաստագրերի, լաբորատոր փորձաքննության արդյունքների և այլն) ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում, բիզնես հաշտարարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում, արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:
Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև արտահանման խթանումը: Մասնավորապես, տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով՝ արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցում և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում, Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
Բացի այդ, նախատեսվում է 2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղղված աջակցության մեխանիզմներ ներդրում ու կիրառում, հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատասխանության սերտիֆիկատների) ճանաչումը արտերկրում ապահովելու համար, Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտի ձևավորում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում:
Կառավարությունը նաև ծրագրում է 2017 թվականից սկսած՝ արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում, արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան